ՀՀ ԿԲ ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում ավելացել են 26,3%–ով` կազմելով 1 458,4 մլրդ դրամ

18.11.2013 14:19
ՀՀ ԿԲ ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում ավելացել են 26,3%–ով` կազմելով 1 458,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ ընդհանուր ակտիվները տարեսկզբի համեմատ ավելացել են 303,9 մլրդ դրամով կամ 26,3 տոկոսով` սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմելով շուրջ  1 458,4 մլրդ դրամ։ Կարգավորիչի մամուլի ծառայության կողմից տրամադրված ԿԲ հաշվեկշռի տվյալների համաձայն` մեկ եռամսյակում ԿԲ ընդհանուր ակտիվներն աճել են 31,4 տոկոսով։

Ըստ հաշվեկշռի տվյալների` արտարժույթով ակտիվներին բաժին է հասել  ընդհանուր ակտիվների 71,7 տոկոսը` 2012թ.–ի վերջի 67,8 տոկոսի դիմաց։ Այսպիսով, ԿԲ–ի արտարժույթով ակտիվների ծավալը դրամական համարժեքով կազմել է ավելի քան 1 046,7 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 263,5 մլրդ դրամով կամ 33,6 տոկոսով։

Միաժամանակ բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում տեղաբաշխված միջոցները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 437,5 մլրդ դրամ` հաշվետու ժամանակահատվածի համեմատ ավելանալով 75,9 տոկոսով։  ԱՄՀ–ում տեղաբաշխված արժութային ակտիվները երրորդ եռամսյակի վերջին կազմել են 59,8 մլրդ դրամ` 2012թ.–ի վերջի 69,8 մլրդ դրամի դիմաց։

Ըստ տրամադրված տվյալների` վաճառքի համար նախատեսված ԿԲ արտարժույթով ակտիվների ծավալը կազմել է ավելի քան 1,6 մլն դրամ (անցյալ ժամանակահատվածի համեմատ փոփոխություններ չեն գրանցվել)։  Մինչև մարման ժամկետը պահվող ակտիվները սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են շուրջ 120,7 մլրդ դրամ (աճը` 34,8%)։

Հաշվետու ամսաթվին իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ֆինանսական գործիքներում ԿԲ ներդրումների ծավալը կազմել է 418,6 մլրդ դրամ` 2012թ.–ի վերջի 273,5 մլրդ դրամի դիմաց։

Արտարժույթով կանխիկ դրամական միջոցների ծավալը սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել է շուրջ 5,5 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ աճը` 8,1%)։ Արտարժույթով ԿԲ այլ ակտիվները կազմել են ավելի քան 4,5 մլրդ դրամ` 20,6 մլն դրամի դիմաց։

Տեղական ակտիվները երրորդ եռամսյակի վերջին կազմել են շուրջ 411,6 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 10,9 տոկոսով։ Հաշվեկշռային տվյալների համաձայն, ՌԵՊՈ–ի միջոցով իրականացված վարկային ներդրումների և պայմանագրերի ծավալը սեպտեմբերի 30–ի դրությամբ կազել է 202,9 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 18,3 տոկոսով։

Վաճառքի համար մատչելի ԿԲ–ի տեղական ակտիվների ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 132,2 մլրդ դրամ (աճը` 0,8%)։ԿԲ–ի հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ծավալը կազմել է շուրջ 72,4 մլրդ դրամ (աճը` 12,6%), իսկ ոչ նյութական ակտիվները կազմել են 880,7 մլն դրամ (անկումը` 6,5%)։ ԿԲ–ի տեղական այլ ակտիվները երրորդ եռամսյակի վերջին կրճատվել են 2,5 տոկոսով`կազմելով 3 մլրդ դրամ ($1 – 405,33 դրամ է)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև