Հայաստանում 5 տարվա ընթացքում վարկերի ծավալն ավելացել է 2,7 անգամ` հասնելով 1,7 տրիլիոն դրամի. Ջավադյան

08.01.2014 14:54
Հայաստանում 5 տարվա ընթացքում վարկերի ծավալն ավելացել է 2,7 անգամ` հասնելով 1,7 տրիլիոն դրամի. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում հինգ տարվա ընթացքում տրամադրված վարկերի ծավալը աճել է` 615 մլն դրամից դառնալով 1,7 տրիլիոն դրամ, ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն` ամփոփելով նախորդ տարվա արդյունքները։

Ինչպես հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, ԿԲ նախագահը նշել է նաև, որ վերջին 5 տարվա ընթացքում  3-ից 4 տոկոսային կետով նվազել են վարկերի տոկոսադրույքները, մեծացել է ֆինանսական ծառայություններից օգտվելու հասանելիությունը, խորացել է տնտեսությունում ֆինանսական միջնորդությունը:

Ջավադյանի խոսքերով` բանկերում օրեցօր ամրապնդվում է կորպորատիվ կառավարման մշակույթը, իսկ հասարակության մոտ՝ ֆինանսական գրագիտության և ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթը։

«Հասարակության մոտ մեծացել է ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը, ինչի արդյունքում ավանդների ծավալը 2008 թ-ի տարեվերջի 450 մլրդ դրամից այսօր հասել է 1 տրլն 450 մլրդ դրամի», – ասել է նա։
ԿԲ նախագահը տարվա ձեռքբերումների թվում նշել է նաև ֆինանսական համակարգի կայունության ամրապնդումը`նշելով, որ համակարգը տարին ամփոփել է դրական արդյունքներով։ Նրա խոսքերով` հիմնական ցուցանիշների գծով ապահոված աճերի արդյունքում 2013 թ-ին տնտեսությունում շարունակվել է խորանալ իրական և ֆինանսական հատվածների ինտեգրումը:

«Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվների մեծությունը կազմում է ՀՆԱ-ի 74%-ը, իսկ վարկերի մեծությունը՝ 43%-ը, մինչդեռ ընդամենը 5 տարի առաջ՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի խորը փուլում, այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 30% և 18%՝ այսօրվա մակարդակից գրեթե 2.5 անգամ ցածր», – ասել է նա։

Ջավադյանը նաև ընդգծել է, որ այս դրական զարգացումներն արդյունք են վերջին 5 տարիների ծրագրային բարեփոխումների։

ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն` վարկերը 2013 թ.–ի նոյեմբերի վերջին կազմել են 1 714,5 մլրդ դրամ, ներդրումները` 1 467,7 մլրդ դրամ։ ($1 – 405,64 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև