Ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի օտարերկրյա բոլոր ուղիղ ներդրումների 39,5 տոկոսը

05.09.2013 13:13
Ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի օտարերկրյա բոլոր ուղիղ ներդրումների 39,5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի օտարերկրյա բոլոր ուղիղ ներդրումների 39,5 տոկոսը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։

«Եթե համեմատենք ԶԵԱԲ ԻՀԿ–ի փոխադարձ ներդրումների դիտարկման տվյալները ՅՈՒՆԿՏԱԴ–ի տվյալների հետ, որտեղ 2012թ.–ի վերջին ՀՀ տնտեսության բոլոր կուտակված օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են 4.9 մլրդ դոլար, ապա կստացվի, որ ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի բոլոր օտարերկրյա ուղիղ ներդրումների 39,5 տոկոսը»,– նշեց Վինոկուրովը։

Ըստ նրա, Հայաստանում Մաքսային միության երկրների ուղիղ ներդրումները, ըստ ԶԵԱԲ ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի փոխադարձ ներդրումների դիտարկման տվյալների, գրեթե ամբողջովին ներկայացված են ռուսական ուղիղ ներդրումներով, որոնք 2012թ.–ի վերջին կազմել են 1,93 մլրդ դոլար։ Հայկական տնտեսությունում օտարերկրյա ուղիղ ներդրումների 13 մլն դոլարը բաժին է հասնում  Ղազախստանին և Բելառուսին։

«Հայաստանում ռուսական ներդրումների չափն առավել էական է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տնտեսությունն ԱՊՀ երկրների և Վրաստանի շրջանում ՀՆԱ–ի չափով իններորդն է, այն ժամանակ, երբ կուտակված ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումների չափով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է հինգերորդ տեղը։ ՌԴ–ն Հայաստանի խոշորագույն ներդրողն է»,– նշեց Վինոկուրովը։

Ըստ նրա, Հայաստանում ռուսական օտարերկրյա ուղիղ ներդրումները ուղղված են տնտեսության համակարգ կազմող հատվածների` երկաթուղային տրանսպորտի, գազի տեղափոխման, Էլեկտրաէներգետիկայի, գունավոր մետալուրգիայի, բանկային և ապահովագրական գործի, բջջային կապի, ինտերնետի և տվյալների փոխանցման արդիականացմանը։ –0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև