Moody’s -ը Ba2 է գնահատել Հայաստանի տեղաբաշխած եվրապարտատոմսերի վարկանիշը

27.09.2013 16:50
Moody’s -ը Ba2 է գնահատել Հայաստանի տեղաբաշխած եվրապարտատոմսերի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպությունն այսօր Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու  6 տոկոսով 700 միլիոն ԱՄՆ դոլարի  եվրապարտատոմսերի վարկանիշը:

Moody’s–ը վերահաստատել է նաև վարկանիշին տրված կայուն բնորոշումը, հաղորդում է հանրապետության Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։

Միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ Ba2 վարկանիշը ստանալու համար հիմք է հանդիսացել Հայաստանի վարած ֆիսկալ զսպողական քաղաքականությունը։

«Բյուջեի պակասուրդը 2012թ.–ին կրճատվել է մինչև 1,5 տոկոսով`  2009թ.–ի 7,5 տոկոսի դիմաց»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Դեֆիցիտի նվազմանը, ըստ Moody’s-ի, նպաստել են  կատարված կապիտալ ծախսերը, ինչպես նաև հարկերի կայուն հավաքագրումը՝ պայմանավորված մասնավորապես հարկային բազան ընդլայնելուն ուղղված բարեփոխումներով ու կենսաթոշակային նոր համակարգի ներդրմամբ:

Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը:

Moody’s Investors Service  միջազգային վարկանիշային գործակալությունը նախորդ շաբաթ փոխել էր հայկական եվրապարտատոմսերի վերին շեմը` այն Baa3–ից նվազեցնելով Ba1։

Ավելի վաղ Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Հայաստանի Հանրապետության եվրապարտատոմսերի թողարկմանը շնորհել էր սպասված «BB-(EXP)» վարկանիշը, իսկ Moody’s գործակալությունը Հայաստանի վարկանիշը գնահատել էր Ba2 մակարդակում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև